Բաժիններ՝

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որտեղ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Գուցերիեւների ընտանիքը՝ 9,91 մլրդ դոլար միագումար կարողությամբ:

«Forbes-ը ամենահաջողակ ձեռնարկատերերի ընտանիքների վարկանիշը կազմում է արդեն չորրորդ անգամ: Վերջին մեկ տարվա ընթացքում տասը ամենահարուստ ընտանիքների միագումար կարողությունն ավելացել է 2 մլրդ դոլարով՝ մինչեւ 27 մլրդ դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Գուցերիեւների ընտանիքի «Սաֆմար» խմբում հայտնվել է երկու նոր գործընկեր՝ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի որդին՝ Սայիդը (հանդեսը նրա կարողությունը գնահատել է 770 մլն դոլար) եւ զարմիկը՝ Բիլան Ուժախովը (նրա կարողությունը գնահատվում է 40 մլն դոլար):

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը պահպանել է Ռոտենբերգների ընտանիքը, որի միագումար կարողությունը հրատարակությունը գնահատում է 4,2 մլրդ դոլար: Forbes-ի տվյալներով՝ ընտանիքն իր կարողությամբ պարտական է «Գազպրոմ»-ի կապալներին եւ այլ պետպատվերների:

Երրորդ տեղը՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել են «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահները՝ Անանեւ եղբայրները:

Չորրորդ տեղում Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի որդիներն են՝ ՏԱԻՖ-ի համասեփականատերեր Այրատ եւ Ռադիկ Շայմիեւները: Նրանց կարողությունը գնահատվում է 2,215 մլրդ դոլար:

Վարկանիշը կազմելիս հանդեսը հաշվի է առել ընտանիքներին պատկանող ակտիվների՝ ընկերությունների բաժնետոմսերի, հողատարածքների, անշարժ գույքի օբյեկտների, ինչպես նաեւ անձնական ունեցվածքի արժեքը: Ցուցակում ընդգրկված են միայն այն ընտանիքները, որոնք կապիտալի հիմնական մասը վաստակել են մասնավոր կարգով՝ չլինելով պետական ծառայողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս