Ֆրանսիան չի պաշտպանում Քրդստանի անկախության գաղափարը
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Իրաքի տարածքային ամբողջականության եւ քրդական շրջանների համար ինքնավարության կարգավիճակի պահպանումը: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անիես Ռոմատե-Էսպանը՝ մեկնաբանելով Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ սեպտեմբերին պլանավորված հանրաքվեն:
«Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի է: Մենք պաշտպանում ենք Իրաքի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: Իրաքի Սահմանադրության պայմանների համաձայն, Քրդստանը ինքնավարության կարգավիճակ ունի: Մենք ցանկանում ենք, որ այդ ինքնավարությունը հարգվի եւ ամբողջությամբ իրականացվի»,-նշել է նա:
Ինչպես հիշեցրել է գերատեսչության ներկայացուցիչը, Փարիզի այս տեսակետը Իրաքի եւ Քրդական ինքնավար շրջանի ղեկավարությանը օրերս անձամբ հասցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: «Ժան Իվ լե Դրիանը հնարավորություն է ունեցել օգոստոսի 26-ին այդ հարցի շուրջ մեր դիրքորոշման մասին հիշեցնել Իրաքում եւ Էրբիլում իր զրուցակիցներին»,-նշել է Ռոմատե-Էսպանը:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է սեպտեմբերի 25-ին տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, նոյեմբերի 1-ին նշանակված են խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:
Իրաքյան Քրդստանը՝ ոչ պաշտոնական անվանումը՝ Քրդական ինքնավար շրջան, լայն ինքնավարության կարգավիճակ ունի Իրաքի կազմում: Իրավաբանորեն շրջանի կարգավիճակը 2005 թվականին ամրագրվել է Իրաքի Սահմանադրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: