Մումբայում մոլեգնող հեղեղումները մարդկային կյանքեր են խլում
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի՝ Մումբայի հեղեղման հետեւանքով: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Հորդառատ անձրեւները քաղաքը ողողում են երկրորդ օրն անընդմեջ, եւ, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին եղանակի բարելավում չի սպասվում:
Օգոստոսի 29-ին Մումբայում 127 միլիմետր տեղումներ են գրանցվել, փողոցները վերածվել են գետերի, եւ քաղաքի տրանսպորտային համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: Ինչպես հայտնել է Associated Press-ը, կանգ են առել գնացքներն ու ավտոբուսները, չվերթերի մի մասը տեղափոխվել է հարեւան օդանավակայաններ:
Օգոստոսի 30-ին վերականգնվել է երկաթուղային երթեւեկությունը, բայց տրանսպորտային իրադրությունը մնում է ծայրահեղ ծանր: Բազմաթիվ տեղական դպրոցներ փակ են, առանձին գրասենյակներ նույնպես աշխատողներին տուն են ուղարկել: Իշխանությունները բնակիչներին հանձնարարում են դուրս չգալ տներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: