ԿԺԴՀ-ն հրապարակել է հրթիռի արձակման տեսագրությունը
ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը հրապարակել է բալիստիկ հրթիռի վերջին արձակման տեսագրությունը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը՝ NHK ճապոնական հեռուստաալիքի եթերում վերահաղորդված կադրերի համաձայն:
Դրանցում երեւում է՝ ինչպես է «Հվասոն-12» հրթիռը օգոստոսի 29-ի լուսաբացին ուղղաձիգ բարձրանում դեպի Սունանի շրջանի ամպամած երկինք, շրջան, որտեղ գտնվում է Փենյանի միջազգային օդանավակայանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումը համարել է Փենյանի կողմից Միացյալ Նահանգների Գուամ կղզուն, որը գտնվում է Խաղաղ օգկիանոսում, հարված հասցնելու «նախերգանքը»: Նաեւ ԿԺԴՀ-ի իշխանությունները հավաստել են, որ օգոստոսի 29-ին փորձարկել են «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Արձակմանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Կիմ Չեն Ընը:
ԿԺԴՀ-ի առաջնորդը կարգադրել է այսուհետեւ էլ կատարել Խաղաղ օվկիանոսում ենթադրյալ թիրախների վրա հրթիռների նման արձակումներ: KCNA գործակալությունը նշել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը ԿԺԴՀ-ի պատասխանն Էր ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից անցկացվող Ulchi – Freedom Guardian համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններին:
Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: