Yandex-ը Գյումրիում մեկնարկում է Ծրագրավորման անվճար դպրոց
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Yandex-ի ծրագրավորման դպրոցում ավագ դպրոցականները կարող են ստանալ ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Այն աշխարհում ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է և կիրառվում է թե՛ Yandex-ում և թե՛, օրինակ` NASA-ում:
Yandex-ի դպրոցում ուսուցումն անվճար է:
Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում, և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Դասընթացները կանցկացվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, դրանց տևողությունը 1 տարի է, շաբաթական 2 դաս: Յուրաքանչյուր դասից հետո կտրվեն գործնական խնդիրներ: Խմբում կընդգրկվեն առավելագույնը 14 աշակերտ, իսկ դասընթացները կվարեն Գյումրու մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Yandex-ում:
Առաջին կիսամյակը կնվիրվի Python-ի հիմունքներին. փոփոխականներ, պայմաններ, ցիկլեր, օպերատորներ, ցուցակներ և ֆունկցիաներ: 2-րդ կիսամյակում դպրոցականները կառնչվեն ստանդարտների և արտաքին գրադարանների հետ, ինչպես նաև` կծանոթանան օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորմանը:
– Շատերը, ովքեր այսօր իսկապես փոխում են աշխարհը, սկսել են ծրագրավորմամբ զբաղվել դեռ մանուկ հասակից։ Մենք հավատում ենք, որ ապագան այս մասնագիտության մեջ է, և յուրաքանչյուրը կարող է ստանալ հնարավորություն դառնալ դրա հեղինակը,- նշում են Yandex-ում:
Դպրոցականների հավաքագրումը կընթանա 2017թ. օգոստոսի 30-ից։
Yandex-ի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է մասնակցել թեստավորման և հարցազրույցի: Առցանց կարելի է գրանցվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կայքում:
Սիրարփի Աղաբաբյան