Բաժիններ՝

Ո՞ր մարզում են հայ կանայք ամենաշատը ենթարկվել ֆիզիկական բռնության

Հայաստանում 15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 տոկոսը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Այս մասին նշվում է «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16. հիմնական արդյունքներ» զեկույցում, որը հրապարակվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Ըստ այդմ՝ Արագածոտնում վերջին 12 ամիսների ընթացքում կանայք ամենաշատն են ենթարկվել ֆիզիկական բռնության (14 տոկոս):

Սեռական բռնության դեպքեր

15-49 տարեկան կանանց 1 տոկոսը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 1 տոկոսից պակասը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել սեռական բռնության (4 տոկոս):

Օգնություն փնտրելը

Երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 29 տոկոսը բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որևէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված տասը կանանցից չորսը երբեք չեն դիմել օգնության և ոչ մեկին չեն պատմել բռնության մասին:

Ամուսնական բռնություն

Երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 տոկոսը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում:

Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝ համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 տոկոսի հետ:

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 24 տոկոս՝ հիմնական կրթություն ունեցող կանանց, և 9 տոկոս՝ բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս