Վերջին երեք օրում ավելի քան 60 երեխա է մահացել Հնդկաստանի Գորաքխփուր քաղաքում. NDTV
Վերջին 72 ժամվա ընթացքում առնվազն 61 երեխա է մահացել Հնդկաստանի Գորաքխփուր քաղաքի Բաբա Ռագխավ Դաս հիվանդանոցում. սա այն նույն հիվանդանոցն է, որտեղ երեք շաբաթ առաջ մահացել էր շուրջ 70 փոքրիկ: Ինչպես օգոստոսի 30-ին հայտնելլ է NDTV հեռուստաալիքը, միայն վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ մահացել է 19 երեխա։
Այս տեղեկատվության համաձայն, բժիշկները փոքրիկ հիվանդների մահվան պատճառը համարում են էնցեֆալիտը, ինչպես նաեւ այլ ինֆեկցիաներ եւ թոքաբորբը: Հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ երեխաների զանգվածային մահվան նոր ալիքը կարող է բացատրվել այն լայնածավալ հեղեղումներով, որոնք պատուհասել են Ութար-Փրադեշի (որտեղ գտնվում է այս հիվանդանոցը) եւ Բիհարի նահանգները: Տարերքից տուժած շրջաններից մշտապես բերում են ծանր վիճակում գտնվող հիվանդ երեխաների:
Ավելի վաղ, երբ օգոստոսի 11-12-ին հնդկական ԶԼՄ-ները հայտնեցին այս հիվանդանոցում փոքր տարիքի հիվանդների զանգվածային մահվան մասին, մահացության պատճառը համարում էին թթվածնի անբավարարությունը, որն իբր ողբերգական հետեւանքների է հանգեցրել: Բայց հետագայում նահանգի իշխանությունները հերքեցին այն տեղեկատվությունը, թե թթվածնի բալոնների անբավարարությունը կարող էր ողբերգության հանգեցնել: Այն ժամանակ իշխանությունները պաշտոնից հեռացրեցին գլխավոր բժշկին եւ հիվանդանոցի ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: