Բաժիններ՝

Ինչպես կողմնորոշվել շուկայում. երեխաների անվտանգությունը կարևորելով՝ պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների և դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման և մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, և այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։

Ուստի ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետևել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և վերացնել բացթողումները։

Կոչով նաև դիմում ենք սպառողներին՝ Ձեր և Ձեր երեխաների անվտանգությունը կարևորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։

Ուշադրություն դարձրե’ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

• արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
• պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,
• արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
• պատրաստման ամսաթիվը,
• արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
• գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
• շուկայում շրջանառության միասնական նշանը`
• ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա:

Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։

Ներկայացնում ենք նաև ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։

Հիշե՛ք, մինչև 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3-7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

Աշակերտական պորտֆելները և ուսապայուսակները պետք է ունենան դիմային և կողային մակերևույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա և պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձևակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաև ներկվածքի կայունությանը։

Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձևավորման պարամետրերով և տեքստերի ձևավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից և երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս