Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար կտրամադրի «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ 500 հազար դոլարի նվիրատվություն կկատարի Հյուսթոնում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն համար:
«Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար: Մայրս, քույրերս եւ ես 500 հազար դոլար ենք նվիրում ԱՄՆ-ի Կարմիր խաչին եւ Փրկության բանակին (կրոնական եւ բարեգործական կազմակերպություն – խմբ.)»,- գրել է աստղը Twitter-ում: Նա նաեւ իր բաժանորդներին հորդորել է միանալ իրեն:
Reuters գործակալության տվյալներով՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ հիպ-հոպ կատարողներից մեկը 25 հազարական դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը:
Երգչուհի Բեյոնսեն, որը ծնունդով Հյուսթոնից է, հայտարարել է, որ մտածում է ինչպես օգնել քաղաքի վերականգնման գործում: Ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ջասթին Ջեյմս Ուոթը կատարել է 100 հազար դոլարի նվիրատվություն եւ ինտերնետ-էջ է գործարկել նվիրատվությունների հանգանակման համար, որի հիմնադրամն արդեն մեկ միլիոն դոլար ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: