
Հյուսթոնում պարետային ժամ են սահմանել կողոպտիչների պատճառով

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել բնակավայրի տարածքում, ինչի պատճառ են դարձել կողոպուտների հաճախացած դեպքերը այն հեղեղումների պայմաններում, որոնք առաջացրել է նահանգին պատուհասած «Հարվի» փոթորիկը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով երեկոյան ժամը 10:00-ից մինչեւ առավոտվա ժամը 5:00-ն: Հյուսթոնի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյուռներն ասել է, որ սահմանափակումները մտցվում են անորոշ ժամանակով:
Հյուսթոնը ԱՄՆ-ի՝ բնակչության թվաքանակով չորրորդ գերքաղաքն է (ավելի քան 6,5 մլն բնակիչ): «Հարվին» ԱՄՆ-ի ծովափին հարվածել է օգոստոսի լույս 26-ի գիշերը: Այն դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման: