Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի. The New York Times

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում մոլեգնող «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը: Հրատարակությունը հղում է արել տեղական իշխանությունների ներկայացուցիչներից ստացված տեղեկատվությանը: Դրա վերաբերյալ ամերիկյան այլ լրատվամիջոցների կողմից հրապարակվող տվյալները տարբերվում են, սակայն նրանց մեծամասնությունը նշում է 10-ը գերազանցող թվեր:

Պաշտոնական իշխանությունները դժվարանում են նշել տարերքի հարվածից զոհվածների ստույգ թիվը: Ինչպես ասված է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարհանման մասին կարգադրություն էստացել 1,7 միլիոն մարդ: «Հարվի» փոթորկի հետեւանքները Տեխասում, Լուիզիանայում եւ երկրի այլ մասերում կզգացվեն երկար ամիսների եւ հետագա տարիների ընթացքում: Այս պահին 1,7 միլիոն մարդիկ կարգադրություն են ստացել լքել իրենց տները»,- նշված է փաստաթղթում:

«Հարվի» փոթորիկը ԱՄՆ-ի ծովափին հարվածել է օգոստոսի լույս 26-ի գիշերը: Այն դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը եւ «Հարվի» փոթորկի հետեւանքով բոլոր տուժածներին: «Գլխավոր քարտուղարը մեծ հուզումով է հետեւում ջրհեղեղներին ու այն հսկայական վնասին, որը «Հարվի» փոթորիկը պատճառել է Տեխասի նահանգին: Գլխավոր քարտուղարը վշտացած է մարդկային զոհերից եւ իր ցավակցությունն է հայտնում ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին: Նա շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքը փոխանցել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս