Բաժիններ՝

ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես կրոնական և ոչ թե քաղաքական հակամարտություն. Մաջեդ էլ Շաֆի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը՝ փաստելով, որ այսօր էլ Թուրքիայի իշխանությունները, շարունակելով ժխտել այդ փաստը, ցուցաբերում են նույն մոտեցումները, ինչ 102 տարի առաջ:

ՀՀ ԱԺ նախագահը, օրինակ բերելով Գերմանիայի և Իսրայելի հաշտության փաստը, նշել է, որ անազնվության բեռը դեռ ծանրանում է պաշտոնական Թուրքիայի վրա, և ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Թուրքիան հետընթաց է ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կանադայի վարած քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս լիարժեքորեն դրսևորվելու տարբեր ազգությունների և դավանանքների պատկանող մարդկանց:

ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել, որ պատվիրակությունը այցելելու է Արցախ և պաշտպանում է արցախցիների ազատ ապրելու իրավունքը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը:

Մաջեդ էլ Շաֆին իր խոսքում նշել է, որ անցյալ տարի ականատես լինելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կիրառված ռազմական գործողություններին, որին զոհ են գնացել ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների իրականացմանը՝ իրենք ստեղծել են փաստահավաք խումբ, որը կհավաքի տեղեկություններ և կներկայացնի հանրությանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես կրոնական և ոչ թե քաղաքական հակամարտություն. այսպիսի մոտեցումը, անշուշտ, շահավետ է Ադրբեջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս