
Մակրոնը միգրացիոն ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպանի պաշտոն է հիմնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնշանակելի հատուկ դեսպան, որն զբաղվելու է միգրացիոն ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցերի լուծմամբ: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 29-ին՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդակցության ժամանակ:
«Ֆրանսիան առանձնակի կարեւորություն է տալիս միգրացիոն խնդրին,-ասել է Մակրոնը:-Այդ կապակցությամբ ես նշանակելու եմ այդ ոլորտում ճգնաժամի կարգավորման հատուկ դեսպան»: Նախագահը ճշտել է, որ «դեսպանն զբաղվելու է այն բոլոր բանակցությունների համակարգմամբ, որոնք կապված են միգրացիոն հարցերի հետ»:
«Միգրանտներին ընդունելը մեր մարդասիրական պարտքն է: Դա պատվի գործ է»,-հայտարարել է Մակրոնը՝ դիմելով Ելիսեյան պալատում հավաքված դիվանագետներին: Նրա խոսքով՝ «միգրացիոն խնդիրը դարձել է այն գլխավոր մարտահրավերներից մեկը, որոնց վերջին տարիներին բախվել են բազմաթիվ երկրներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: