Բաժիններ՝

«Բոլոր դպրոցների տնօրեններին 2 ամիս առաջ զգուշացվել է օպտիմալացման մասին». ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ

«Այս տարի 13 դպրոցներ կմիավորվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ խոսելով նախատեսվող օպտիմալացումների մասին:

Նրա խոսքով՝ դրանք և՛ Երևանի, և՛ մարզերի քաղաքային դպրոցներ են: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե որոշ դպրոցների տնօրեններ ասել են, որ տեղյակ չեն եղել գործընթացից, Ա. Արշակյանն ասաց, որ դեռևս երկու ամիս առաջ են բոլոր տնօրենները ծանուցվել այդ մասին. «Դեռ 2 ամիս առաջ բոլոր տնօրենները ծանուցվել են, ու պետք է ծանուցեին ուսուցիչներին»:

Ա. Արշակյանն ասաց, որ 13 դպրոց միավորվում է այլ 13-ի. «Այս խոշորացումը միայն կապված է կրթության որակի հետ, մասնավորապես՝ մեր աշակերտների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքի հետ»:

168.am-ի հարցին, թե այս օպտիմալացման արդյունքում մոտավորապես քանի՞ ուսուցիչ գործազուրկ կդառնա՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նշեմ, որ բոլոր դպրոցներում մենք հաշվարկել ենք ուսուցիչների քանակը: Հենց այս պահին աշխատանքներ են գնում՝ այդ ուսուցիչների տեղավորման հետ կապված, որովհետև, ինչպես գիտեք, դպրոցների միավորման դեպքում, երբ աշակերտները տեղափոխվեն մեկ այլ դպրոց, այնտեղ առաջանալու է ժամաքանակ, և փորձելու ենք հնարավորինս շատ ուսուցիչների աշխատանքով ապահովել»:

Ա. Արշակյանը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին բոլոր դպրոցները դեռևս կշարունակեն իրենց աշխատանքն իրենց շենքերում, իսկ տեղափոխման աշխատանքները կլինեն հոկտեմբերի արձակուրդների ժամանակ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս