
Ֆրանսիան միջազգային խորհրդաժողով է անցկացնելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերի շուրջ

Ֆրանսիան պլանավորում է անցկացնել ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողով: Այդ մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 29-ին հայտնել է Ֆրանսիայի դեսպանների ամենամյա խորհրդաժողովում, որն ընթանում է Փարիզում:
Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը, ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելը պետք է դառնա այս գլոբալ երեւույթի դեմ պայքարի հանգուցային ուղղություններից մեկը: «Եթե մենք ցանկանում ենք արդյունքների հասնել ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարում, հարկավոր է խստապահանջ կապեր պահպանել բոլորի հետ եւ ունենալ հստակ գրաֆիկ ու պարզորոշ սահմանված գերակայություններ»,-ասել է նա:
«Հենց դրա համար էլ,-շարունակել է Մակրոնը,-հաջորդ տարվա սկզբին Ֆրանսիան կգումարի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողով»: Միեւնույն ժամանակ հանրապետության ղեկավարը չի ճշտել, թե ինչ ձեւաչափով է անցկացվելու այդ խորհրդակցությունը եւ ինչպիսին է լինելու դրա մասնակիցների կազմը:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը նաեւ իր երկրի միջազգային քաղաքականության գերակայությունն է: Մակրոնը նշել է, որ այսօր աշխարհում շատ են մարտահրավերները, որոնց բախվում են երկրները: «Այս առումով մեր քաղաքացիների անվտանգությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը մեր միջազգային քաղաքականության առաջին գերակայությունն է»,-ասել է Մակրոնը: «Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունը մեր դիվանագիտության նպատակն է»,-ասել է ֆրանսիական պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: