Թուրքիայի ազգայնական կուսակցությունը պառակտվում է. 549 կուսակցական հեռանալու դիմում է ներկայացրել
Թուրքիայի Մանիսա նահանգում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամ 549 մարդ հայտարարել են կուսակցությունից հեռանալու որոշման մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Կուսակցության արդեն նախկին անդամների անունից հանդես եկող Թամեր Աքքալը հայտնել է, որ իրենք մտադիր են միանալ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր կուսակցությանը:
Աքքալն ընդգծել է, որ ազգայնական կուսակցությունը վերջին շրջանում հեռացել է կուսակցական գաղափարախոսությունից, իսկ Աքշեների կողմից հիմնադրվելիք նոր քաղաքական միավորն ամբողջովին «հավատարիմ է լինելու Աթաթուրքի ստեղծած արժեքներին»:
Ակնկալվում է, որ Աքշեների կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի աշնանը: Օգոստոսի 28-ին Աքշեների գործընկեր Քորայ Այդընը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ կուսակցությունը կոչվելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»: