Բաժիններ՝

Ռուսաստանը պնդում է ԿԺԴՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր բանաձևերի կատարումը. Լավրով

Ռուսաստանը պնդում է Փենյանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի կատարումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային արձակումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք հանձնառու ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի համար, պնդում ենք, որ մեր հյուսիսկորեացի հարեւանները դրանք կատարեն ամբողջությամբ: Մենք դրանով ենք ղեկավարվում Անվտանգության խորհրդում անցկացվող քննարկումների ընթացքում եւ ղեկավարվելու ենք այդ թվում՝ այն նիստի ընթացքում, որն այժմ առաջարկվում է անցկացնել»,-ասել է ՌԴ նախարարը՝ ամփոփելով Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած բանակցությունների արդյունքները:

Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան ԿԺԴՀ-ն իրականացրել է բալիստիկ հրթիռի նոր արձակում, որն անցել է Ճապոնիայի հյուսիս-արեւելյան մասի վրայով եւ, հավանաբար, ընկել Խաղաղ օվկիանոս՝ Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 1180 կիլոմետր արեւելք գտնվող շրջանում: Հարավկորեացի զինվորականները նշում են, որ հրթիռն անցել է 2,7 հազար կիլոմետր, իսկ նրա թռիչքի բարձրությունը հասել է 550 կիլոմետրի:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 29-ին արտահերթ նիստ կգումարի ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական փորձարկման շուրջ: Նիստի նախաձեռնողներ են դարձել Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ. որի ընթացքում կողմերը անհրաժեշտ են համարել ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա:

«Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համակարծիք են, որ Հյուսիային Կորեայի վրա գործադրվող ճնշումը պետք է ուժեղացվի: Մենք հավաստեցինք նաեւ այդ հիմնախնդրի շուրջ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Աբեն այն կարծիքն է հայտել, որ «Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան պետք է ազդեն ՌԴ-ի եւ Չինաստանի վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց քաղաքականությունը» ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս