«Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու ձեզնից յուրաքանչյուրի կողքին». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:
Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո, կրթության և գիտության նախարարի hետ միասին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:
Նախագահի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականների և երիտասարդների հետ հանդիպմանը
Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ երիտասարդներ,
Մեծ սիրով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, և պարզ է թե ինչու: Մենք ուզում ենք սրանով ընդգծել, որ մենք մեր երկրի ապագան կապում են գիտության և կրթության զարգացման հետ ու նաև ցանկանում ենք, որպեսզի ձեր օրինակը վարակիչ լինի ձեր հասակակիցների, ձեր հեռու ու մոտիկ բարեկամների, ձեր դասընկերների համար: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը, եթե այն կարելի է լավ առումով վարակ համարել, երբեք չի կարելի կանխարգելել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ այդ վարակը տարածվի ամենուր:
Մեր ժողովուրդը միշտ սեր ու ձգտում է ունեցել գիտության նկատմամբ: Գիտեք, սիրելի՛ երեխաներ, երիտասարդներ, որ հայ ժողովուրդը տարածված է ամբողջ աշխարհով մեկ, և որտեղ հասել են հայերը, առաջին հերթին դպրոց են հիմնել: Իհարկե, դպրոց հիմնել են, որպեսզի գերազանցապես կարողանան պահպանել մայրենի լեզուն, բայց երբեք չեն սահմանափակվել միայն մայրենի լեզվի շրջանակներում, և այն առաջավորը, որ կա աշխարհում, մշտապես փորձել են ընկալել, տեղափոխել հայրենիք, տեղայնացնել ու զարգացնել: Հենց դրա շնորհիվ է , որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակներով այդ դժվարություններով անցնել և հասնել 21-րդ դար: Ուրեմն, դուք գիտության նկատմամբ ձեր սիրով նպաստում եք մեր ժողովրդի հարատևությանը:
Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ձեր խորը հետաքրքրասիրության ու աշխատասիրության համար, որովհետև միայն հետաքրքրասիրությամբ լուրջ հաջողությունների չի կարելի հասնել: Ես շատ լավ պատկերացնում եմ այն տքնաջան աշխատանքը, որ կատարել են մեր գերազանցիկները՝ ոսկե մեդալակիրները, այն աշխատանքը, որ կատարել են համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մրցանակ ստացած մեր երիտասարդները: Իմ ցանկությունն է, որպեսզի այդ նպատակասլացությունը, հետաքրքրասիրությունն ու հատկապես աշխատասիրությունը ուղեկցեն ձեզ ձեր ողջ կյանքում:
Բարեկեցության հիմքը գիտելիքն է: Մրցունակության հիմքը գիտելիքն է: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու ձեզնից յուրաքանչյուրի կողքին: Ես ցանկանում եմ, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո, ոմանք նաև բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ նույնիսկ կես ճանապարհին ընդունվեն լավագույն այլ բուհեր: Ավարտելով մեր կամ այլ երկրների բուհեր՝ կցանկանայի, որ ձեզնից շատերը զբաղվեին գիտությամբ, որովհետև ինչպես ասացի գիտության ու ուսման նկատմամբ սերն ու ունակություններն են մեր ժողովրդին հասցրել մինչև 21-րդ դար: Ուրեմն, դուք պետք է արժանի շարունակողները լինեք մեր միջնադարյան և նորագույն ժամանակների լավագույն անհատների, նրանց ջանքերի: Մենք մշտապես պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ սատարելու:
Իհարկե, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ովքեր կարողացել են մի կողմից լավ առումով այդ վարակը տարածել ձեր մեջ, մյուս կողմից, մշտապես փորձել են պայմաններ ստեղծել, որպեսզի դուք կարողանաք և՛ լավ սովորել, և՛ հասնել արդյունքների: Բայց իմացեք՝ գլխավոր հերոսը դուք եք, պատմություն կերտողը դուք եք: Ձեր ծնողներն ու ուսուցիչները ձեզ օժանդակում են սիրով, օժանդակում են մեծավարի, օժանդակում են ավելին իմացողի դիրքերից, բայց եթե ձեր ցանկությունն ու աշխատասիրությունը չլինի, դժվար թե դուք կարողանաք հասնել լուրջ հաջողությունների: