Ո՞ր տարիքում են Հայաստանում սկսում սեռական կյանքը
Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը: 25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 21.2 է: Այս մասին ասվում է «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցում, որը հրապարակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից:
«Սա նշանակում է, որ կանանց և տղամարդկանց կեսը սկսում է սեռական կյանքը մինչև 21.2 տարեկանը, իսկ մյուս կեսը՝21.2 տարեկանից հետո: Հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 18.6 է, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ 23.9: Որևէ հստակ կապ առաջին սեռական հարաբերության ժամանակ տղամարդկանց տարիքի և նրանց կրթական մակարդակի միջև չկա»,- ասված է զեկույցում:
Ըստ զեկույցի տվյալների՝ կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4 է, այսինքն՝ սեռական կյանքը սկսելուց հետո՝ կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան տղամարդկանց շրջանում ամուսնության մեդիան տարիքը 25.9 է:
Կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 18.8 տարի՝ հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում, և 24.1՝ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում:
Կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո մոտ 1.5 տարի անց. մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 է:
Մեդիան տարիքն էապես փոփոխվում է՝ ըստ մարզերի: Գեղարքունիքում բնակվող կանանց համեմատությամբ՝ Երևանում բնակվող կանանց մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է (համապատասխանաբար՝ 21.4 և 24.5):