ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԳԱ-ում իր դիվանագետների թիվը կկրճատի մի քանի հարյուրով. Politico
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում (ԳԱ) իր դիվանագետների պատվիրակությունը կկրճատի մի քանի հարյուրով: Այդ մասին հայտնել է Politico հրատարակությունը: Նրա տվյալներով՝ սովորաբար ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է ուղարկում ավելի քան հազար դիվանագետների: Այս անգամ սեպտեմբերին Նյու Յորք՝ Գլխավոր ասամբլեա կուղարկվի մի քանի հարյուրով պակաս մարդ, գրել է հրատարակությունը:
Ինչպես նշում է Politico-ն, դիվանագիտական պատվիրակության թիվը կրճատելու որոշումը, հավանաբար, կապված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ դեպարտամենտի բյուջեն նվազեցնելու ցանկության հետ: Այսպես, Politico-ն նաեւ հայտնել է, որ Թիլերսոնը Պետդեպարտամենտի՝ իր ծրագրած բարենորոգման շրջանակներում ցանկանում է վերացնել հատուկ դեսպանորդների 70 պաշտոններից մոտավորապես 30-ը:
Գլխավոր ասամբլեայի առաջիկա 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում ընդհանուր քաղաքական բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 19-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: