Բաժիններ՝

«Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է»

Նարեկ Նոյելի Իսայանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 28-ին, Վանաձոր քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է մեքենաների նորոգման աշխատանքով: Զինծառայության է զորակոչվել 2016 թվականի հունվարին:

Լավ դիրքապահ լինելու համար շարքային Ն. Իսայանը կարևորեց հրամանատարության կողմից տրված հրահանգների ճիշտ ու ժամանակին կատարումը: «Ունենալով ավելի մեծ փորձ և գիտելիքներ զինծառայության ամենատարբեր հարցերի վերաբերյալ` մեր հրամանատարներն ամեն ինչ անում են, որպեսզի մեզ համար ավելի հեշտ դառնա ծառայողական պարտականությունների կատարումը:

Իսկ մենք` դիրքապահներս, գիտակցաբար ենք կատարում նրանց կողմից տրված հրահանգներն ու ցուցումները: Չէ՞ որ նրանց կողմից իրականացվող մասնագիտական պարապմունքները, անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված քայլերը և ընդհանրապես բոլոր հորդորներն ու ցուցումները, որոնք առաջին հայացքից բարդ ու դժվարին են թվում, ուղղված են մեր անվտանգության ապահովմանն ու առաջադրված խնդիրների կատարմանը: Իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կանգնում են մեր կողքին, նույնիսկ կատարում ամենավտանգավոր առաջադրանքները, ինչը պարտավորեցնում է մեզ ավելի լուրջ վերաբերվել սեփական ծառայողական պարտականությունների կատարմանը»,- անկեղծորեն նկատեց շարքային Ն. Իսայանը:

Դիրքապահի պարտականությունների հստակ կատարման համար շարքային Նարեկ Իսայանը, իր ծառայողական փորձից ելնելով, կարևորեց անձնակազմի միասնականությունն ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայությունը. «Առանց կոլեկտիվի, զինվորների ու սպաների միասնականության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի առկայության` հնարավոր չէ մարտական խնդիր կատարել և անառիկ պահել հայրենիքի սահմանները: Մենք միասնական ենք և գործում ենք մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով:

Հարցը վերաբերում է ոչ միայն մարտական հաշվարկի համաձայն յուրաքանչյուրին առաջադրված խնդիրների կատարմանը, որն ինքնին կարևոր է, այլև ընկերական, մտերմիկ հարաբերությունների առկայությանը: Միայն այս դեպքում յուրաքանչյուր զինծառայող կկարողանա հստակորեն կատարել իրեն առաջադրված խնդիրները` վստահ լինելով, որ թիկունքում կանգնած են ծառայակից ընկերները` ցանկացած պահի օգնելու պատրաստակամությամբ»:

Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին` Նարեկը կարևորեց դիտարկումների անընդհատ կատարումը, անվտանգության կանոնների, զգոնության ու կարգապահության պահպանումը:

«Մենք հակառակորդից բավականին մոտ տարածության վրա ենք գտնվում, և յուրաքանչյուր բացթողում, անզգուշություն կամ անփութություն ճակատագրական դեր կունենա դիրքապահներիս, սահմանի որոշակի հատվածի և ընդհանրապես մեր երկրի անվտանգության ապահովման համար: Դրա համար պետք է զգոն լինել, անընդհատ դիտարկումներ կատարել, տիրապետել սահմանում տիրող իրավիճակին, հակառակորդի շարժին ու անգամ մտադրություններին:

Ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է: Այդ իսկ պատճառով պետք է ուժեղ լինել, լավ տիրապետել կցագրված զենքին, այն միշտ խնամել, պահել մաքուր ու պատրաստ վիճակում, որպեսզի նա էլ որպես հավատարիմ ընկեր երբեք քեզ չդավաճանի: Մենք դիրքապահներով այս ամենը գիտակցում ենք, հետևաբար բոլորի անունից կարող եմ վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի մեր առաքելությունը»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս