Սերժ Սարգսյանը պատասխանեց Պուտինին և Հոգլանդին. Ալիևի հետ հանդիպման թեման փակվում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաև պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից:

«Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը:

«Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,- փոխանցում է «Արմենպրեսը»։

Պատկերացնելու համար, թե ինչ նշանակություն ունեն Սերժ Սարգսյանի այս խոսքերը, պետք է հիշել, որ նա պարբերաբար փակ հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, որոնց ժամանակ պատասխանում է նրանց հարցերին: Սակայն միշտ չէ, որ այդ հարցուպատասխանի բովանդակությունը հրապարակայնացվում է: Առավել եւս դժվար է պատկերացնել, որ «Բազեականները» իսկապես հետաքրքրված էին Սարգսյան-Պուտին հանդիպումով կամ ԵԱՀԿ ՄԽ արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունով:

Սերժ Սարգսյանին պետք է եղել խոսել այս երկու իրադարձությունների մասին, և դրա համար ընտրվել է երիտասարդների հետ հարցուպատասխանի ֆորմատը:

Նման անհրաժեշտություն առաջացավ Հայաստանի վրա ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ ռուս-ամերիկյան ճնշումներից հետո:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել և ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը:

Բացի այդ, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր աշնանը Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: Ու քանի որ Իլհամ Ալիևը նույնպես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպել, սպասվում էր, որ Պուտին-Ալիև, Սարգսյան-Պուտին Սոչիի հանդիպումների ժամանակ կորոշվի նաև ԼՂ հարցով նախագահների մակարդակով հանդիպման ճակատագիրը:

Ասելով՝ «Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», Սարգսյանն ըստ էության փակում է այդ հանդիպման թեման:

«Արմենպրեսը» նաև հաղորդում է. «Սարգսյան- Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ:

«Հոգլանդը թողնում է իր աշխատանքը և մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետև մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձևավորվել, որովհետև այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»:

Սարգսյանը, փաստորեն, չի բացառել, որ Հոգլանդի հայտարարությունը կարող էր կապ ունենալ Սոչիում իր և ՌԴ նախագահի հանդիպման հետ: Իսկ դա նշանակում է, որ այդ կապը 100 տոկոսանոց է, և Հայաստանի ղեկավարությունը չի կասկածում դրանում:

Այդ դեպքում, ո՞րն է Սարգսյանի պատասխանը Հոգլանդին: Հոգլանդն այլևս պաշտոնաթող համանախագահ է, և նրա խոսքերը որևէ նշանակություն չունեն:

Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որևէ «այդպիսի» հարց չի քննարկվել, իսկ Հոգլանդի խոսքը որպես Մինսկի խմբում համանախագահի խոսք, այլևս կորցրել է իր արժեքը:

Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ և ետ ուղարկվեցին հեղինակներին:

Սարգսյանը ևս մեկ կարեւոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- ասել է նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս