«Հանքում աշխատեց, գումար հավաքեց ու տեղափոխվեց ռազմական ինստիտուտ. ինքն իր ծախսերն անձամբ հոգաց». Համագյուղացին՝ Արցախում զոհված զինծառայողի մասին
«Արտակարգ մարդ, նախաձեռնող, բարյացակամ, շփվող…»,- 168.am-ի հետ զրույցում Հոռոմ համայնքի աշխատակազմի քարտուղար Արա Ղալմուխյանն այս խոսքերով նկարագրեց օրերս զոհված պայմանագրային զինծառայող Արտակ Բիշարյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը, ով ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:
Արա Ղալմուխյանի խոսքով՝ Արտակի ընտանիքն աշխատող, արարող ընտանիք է, որն ապրում է ծանր պայմաններում: Արտակն ապրում էր մոր, հոր, իրենից փոքր քրոջ և իրենից մեծ եղբոր հետ:
«Արտակարգ մարդ էր, նախաձեռնող, բարյացակամ, շփվող, տարեցներին օգնող, ես դպրոցում էլ եմ նրան դաս տվել, շատ լավ տղա էր»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե դպրոցում լա՞վ էր սովորում՝ Ա. Ղալմուխյանն այսպես պատասխանեց. «Ոչինչ, ինքն ավելի շատ հակված էր գյուղատնտեսությամբ զբաղվելուն, էդ տիպի անձնավորություն էր, ավելի շատ գյուղին նվիրված, ուսումն այդքան հետաքրքիր չէր: Ինքը հանքում էր աշխատում, աշխատեց, գումար հավաքեց ու տեղափոխվեց ռազմական ինստիտուտ. ինքն իր ծախսերն անձամբ հոգաց»: