Թերեզա Մեյը կմասնակցի Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին. Kyodo
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ճապոնիա կատարելիք իր այցի շրջանակներում կմասնակցի այս երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ նման անսովոր առաջարկությունը բրիտանական կողմին արել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ցանկանալով ցուցադրել երկու պետությունների միասնությունը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի զարգացման հարցի շուրջ: Սովորաբար Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստերին, բացի վարչապետից, մասնակցում են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք կապված են ազգային անվտանգության ապահովման հետ:
Մեյի այցը կկայանա օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ կդառնա նրա առաջին ուղեւորությունը Ճապոնիա անցյալ տարվա հուլիսից ի վեր, երբ Մեյը զբաղեցրեց բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը: Նաեւ նա կդառնա օտարերկրյա պետության երկրորդ ղեկավարը, որը կմասնակցի Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Առաջինը 2014 թվականին դարձել է այդ պահին Ավստրալիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Թոնի Աբոտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: