Բաժիններ՝

Գերմանիայում դատապարտված սանիտարին կասկածում են ևս 84 սպանությունների մեջ

Գերմանայի հիվանդանոցի նախկին սանիտարին, որն ավելի վաղ դատապարտվել էր ցմահ բանտարկության, կասկածում են եւս 84 հիվանդների մահվանը մեղսակից լինելու մեջ: Քննիչներն այս մասին հայտարարել են Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում, որտեղ շարունակվում է դատավարությունը։

Ինչպես օգոստոսի 28-ին հայտնել է DPA գործակալությունը, նախկին սանիտար Նիլս Հ.-ն 2008 թվականին դատապարտվել էր յոթնամյա բանտարկության մահափորձի համար: Ավելի ուշ հոգեբանի հետ անհատական զրույցներում նա խոստովանել է, որ իր գործողությունների հետեւանքով զոհվել են մի քանի հիվանդներ: Դա հանգեցրել է նոր գործի հարուցման:

Արդյունքում 2015 թվականի փետրվարին նրան դատապարտել են ցմահ բանտարկության՝ այդ պահի դրությամբ երկու մարդու սպանության համար: 2016 թվականի հունիսի 22-ին հայտնի է դարձել, որ Նիլս Հ.-ին կասկածում են առնվազն 33 մարդու մահվանն առնչություն ունենալու մեջ: Այժմ այդ թիվը սրբագրվել է մինչեւ առնվազն 84, նշել է գործակալությունը:

Դատավարության ընթացքում մարդասպանը հայտարարել է, որ հիվանդներին սրսկում էր, ինչի հետեւանքով նրանք հայտնվում էին օրհասական վիճակում: Դրանից հետո նա ձեռնարկում էր նրանց վիճակը կայունացնելու փորձեր: Դրդապատճառն իր ունակությունները գործընկերներին ցուցադրելու ցանկությունն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս