«Ես փաստեր ունեմ, կարող եմ ապացուցել, որ Իշխան Կարապետյանը ոչ լիարժեք է աշխատում». ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդի անդամ
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանի օրոք այդ ծառայությունում, կարծես թե, բոլորովին աշխատանքներ չեն կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը:
Նա նշեց, որ ինքն արդեն 10 տարուց ավելի համագործակցում է այդ ծառայության հետ.
«Տարբեր պետեր են փոխվել, ու բոլորի հետ էլ գործ ունեցել եմ: Պարոն Իշխան Կարապետյանի ժամանակով արդեն, կարծես թե, բոլորովին աշխատանքներ չեն կատարվում: Միգուցե մարդն ուզում է, որ շատ լավ լինի, բայց, երևի թե, իր մոտ չի ստացվում: Ես փաստեր ունեմ, որ կարող եմ ապացուցել իր ոչ լիարժեք աշխատանքի մասին»:
Դ. Ալեքսանյանն ասաց, որ ինքը բազմիցս տարբեր սննդամթերքի տեսակներ է տվել այդ ծառայության ստուգմանը, բայց, նրա խոսքով, դրանք մատնվել են անուշադրության.
«Բացարձակ ոչինչ չեն անում՝ ասելով, որ կառավարությունն իրենց ձեռքերը բռնել է, քանի որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ինչ-որ նոր օրենք էր դուրս եկել, որ ոչ մեկն իրավունք չունի գնալ սննդամթերքի արտադրամասեր՝ ստուգումների, նմուշառու վերցնելու, և այլն: Եթե այդ ազատությունը տան իրենց, իրենք նոր կարող են աշխատել: Գուցե խնդրենք նոր վարչապետին, որ ինքն այդ օրենքը հանի կամ մի ուրիշ բան մտածի, որ ծառայության աշխատակիցները նման պատճառաբանություն չանեն ու իրենք իրենց ուժերով կարողանան գնալ ու սաստել արտադրողներին, որոնք շատ վատ սննդամթերք են արտադրում: Իրենց մոտ, կարծես թե, այսպես է՝ բարեկամ, քավոր, սանիկ, էսինչի արտադրամաս, էսինչն է արտադրում, չենք կարող ոչինչ անել… Մի խոսքով, շատ եմ առնչվել իրենց հետ ու վիճաբանություններ ունեցել»:
Բանախոսը պատմեց, որ այս վերջերս կոնֆետ է գնել «Երևան Սիթի» սուպերմարկետից, տուն բերելուց հետո հասկացել է, որ դա այն ապրանքը չէ, որ գրված է պիտակի վրա.
«Ես անմիջապես համակարգչով մտա և ստուգեցի, որ նման շոկոլադ այդ գործարանը չի արտադրում, այլ արտադրում է իրիս կոնֆետ: Գնումից երկու օր անց ես դիմել եմ իրենց՝ տանելով երկու լաբորատորիա ստուգման: Մի լաբորատորիայից պատասխան եմ ստացել եմ, որ այդ արտադրանքի մեջ կան բորբոսասնկեր, իսկ իրենցից բանավոր ստանում եմ նման մի կիսապատռված թուղթ, որը ստորագրություն և կնիք չունի՝ ասելով, թե իրենց լաբորատորիայում հետազոտության ենթարկված կոնֆետը նորմալ է»:
Դ. Ալեքսանյանը գյուղնախարարից հանդիպում է խնդրել, և նախարարը նրան չի մերժել.
«Ինքն էլ հրավիրեց նաև Կարապետյան Իշխանին, քանի որ ես ասել էի, թե ինչն է լինելու մեր հանդիպման թեման: Ես շատ ուրախացա, որ այդ բողոքներս հենց ասելու եմ նախարարի մոտ ու Կարապետյանի ներկայությամբ: Շատ հարցեր բարձրացրեցինք, և նախարարի ներկայությամբ ես Կարապետյանի երեսին ասացի, որ ինքը չի աշխատում, ծառայությունն արդեն սպառված է: Ինչ աղբ ասես, որ չի հայտնվել խանութներում: Խնդիրն այն է, որ շատ լավ մենք բաժանվեցինք, երեքով պայմանավորվեցինք, որ նախարարը, ես և ինքը պետք է աշխատենք, այսինքն՝ ինչ լինի, ես պետք է տեղյակ պահեմ նախարարին: Դրանից հետո երկու օր անց զանգում են, կանչում են, որ՝ գնում ենք այդ կոնֆետներից նմուշառու վերցնենք բոլոր «Սիթիներից»: Իրենք 21 կիլոգրամ ու կես այդ կոնֆետներից են հավաքում: Ես տվել եմ հետազոտման հունիսի 28-ին, իրենք օգոստոսի 3-ին գնում են ու հավաքում այդ կոնֆետները: Իրենց հետազոտության մեջ էլի գրված է, որ բացարձակ մաքուր կոնֆետներ են, ոչինչ չկա, նույն օգոստոսի երեքին վտանգավոր արտադրանքի ոչնչացման ակտն են ցուց տալիս, որ ոչնչացրել են 21 կիլոգրամ ու կես այդ կոնֆետները: Բայց դրանք թափվել են աղբամանները, անօթևանները կարող էին հանել ու ուտել դրանք»:
Հարցին, թե՝ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում այդ հարցը քննարկե՞լ եք, քանի որ ինքներդ այդ խորհրդի անդամ եք, Դ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց.
«Այդ խորհրդում մենք, ճիշտն ասած, մեկ անգամ ենք հավաքվել, սպառողներից պաշտպանության հ/կ-ներից կան՝ Չիլինգարյանը, Պողոսյանը, այդ մարվածները, կարող եմ ասել, նրանք արդեն սպառված են, ոչինչ չեն անում սպառողների համար: Նրանք սպառողների մասին ցավացող, հոգացող մարդիկ չեն, ինչպե՞ս կարող են գալ ու լցվել այդ խորհրդում»:
Նրա խոսքով՝ սպառողներն անպաշտպան են, մենք չունենք սպառողների պաշտպաններ:
Նշենք, որ լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ մասնագիտություն ունի Դ. Ալեքսանյանը, սակայն նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ բազմաթիվ տեղերում է աշխատել: Նա ասաց, որ տեղեկություն ունի, որ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում փոփոխություններ են լինելու, և նա կարծում է՝ այդ փոփոխությունն իրեն է վերաբերելու, քանի որ ինքը նախարարի մոտ փնովել է Ի. Կարապետյանին: Ըստ նրա՝ իրեն փորձելու են այդ խորհրդից հանել, բայց ինքը դրանից «ոչինչ չի կորցնում»:
Դ. Ալեքսանյանն ասաց նաև, որ այդ խնդիրների մասին ինքը գրելու է նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: