Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդռախմանովն օգոստոսի 27-ին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատմանական կարևորության մասին, որը հիմք է ծառայել հայ-ղազախական բամզադարյա կապերի զարգացման ժամանակակից փուլի համար:

Նախարար Նալբանդյանն արժևորում է երկու երկրների միջև ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացմանը միտված գործող մեխանիզմները:

Ամփոփելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերն այսուհետ ևս կծառայեն երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը՝ նպաստելով հայ-ղազախական միջպետական գործընկերության որակական նոր մակարդակի բարձրացմանը:

Ղազախստանի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարի ընթացքում երկու երկրներին հաջողվել է երկկողմ համագործակցության ամուր և ընդգրկուն համակարգ ստեղծել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և իրավահավասար գործընկերության վրա:

Կայրատ Աբդռախմանովը հույս է հայտնում, որ երկու երկրները կշարունակեն սերտ համագործացությունը միջպետական հարաբերությունների բոլոր մակարդակներում, իսկ նախատեսված համատեղ միջոցառումնեը լրացուցիչ խթան կհանդիսանան ղազախա-հայկակական կապերի խորացման համար:

Եզրափակելով ուղերձը՝ Ղազախստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ ավանդապես բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

 

Տեսանյութեր

Լրահոս