Հյուսթոնի շուրջ 300 դպրոցներում փոթորկի պատճառով դադարեցվում են պարապմունքները
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում որոշվել է օգոստոսի 28-ից մեկ շաբաթով փակել շուրջ 300 դպրոց: «Հարվի» փոթորկի հետեւանքների պայմաններում չափազանց վտանգավոր է պարապմունքներ անցկացնել: Այդ մասին հայտնել է քաղաքի կրթական հաստատությունների շրջանային վարչակազմը:
Այն միավորում է Հյուսթոնի 283 միջնակարգ դպրոցներ, որոնցում սովորում են 213 հաեզար դեռահասներ: «Հարվի» արեւադարձային փոթորկի պատճառով մեր դպրոցները փակ կլինեն ամբողջ շաբաթը: Մենք կբացվենք սեպտեմբերի 5-ին»,- ճշտել է վարչակազմն իր Twitter-ում:
«Մեզանից շատերն զբաղվելու են «Հարվիի» պատճառած վնասների վերացմամբ: Այդ պատճառով դպրոցական ու վարչական բոլոր հաստատությունները փակ կլինեն ամբողջ շաբաթը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքում փակ է հիվանդանոցների մի մասը, Հոբբի օդանավակայանը դադարել է չվերթեր ընդունել եւ ուղարկել մինչեւ օգոստոսի 30-ը: Ֆորտ Բենդի, Հերրիսի, Բրազորիայի եւ Հալվեսթոնի օկրուգներում «հեղեղումներն աղետալի բնույթ են կրում, պայմանները վտանգավոր են կյանքի համար» նախազգուշացրել է Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Նահանգապետ Գրեմ Էբոթը հայտարարել է, որ տեղումների մակարդակը կարող է դառնալ ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում:
«Հարվին» դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:
Էբոթի խոսքով՝ այս պահին Տեխասում առաջացել է «անձրեւների եռանկյունի», որն իր ուժը կդրսեւորի, մասնավորապես, այնպիսի քաղաքներում, ինչպիսք են Հյուսթոնը, Քորպուս Քրիստին եւ Վիկտորիան: Նա նշել է, որ «Տեխասն այսօր գիշեր պետք է պատրաստ լինի էլ ավելի մեծ քանակությամբ տեղումների»: Էբոթը Տեխասում տեղացող անձրեւները որակել է «պատմական», եթե «ոչ ռեկորդային ամբողջ ժամանակի ընթացքում»:
Նահանգին օգնության են հասել ազգային գվարդիայի 3 հազար անդամներ: Տարահանված շատ մարդկանց ներկայում տեղավորում են ժամանակավոր ապաստարաններում: Նահանգում փակ են հարյուրավոր ավտոմայրուղիներ: New York Times թերթը հայտնել է հինգ զոհվածների մասին:
Wall Street Journal թերթը հայտնել է, որ երեք խոշոր ընկերություններ դադարեցրել են նավթավերամշակման գործարանների աշխատանքը, որոնք Տեխասում գտնվում են Հյուսթոն քաղաքի շրջակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP