
Ճապոնիայում վաճառքի է հանվել Ռուբիկի խորանարդիկ՝ չորացրած մսից

Ճապոնիայում վաճառքի է հանվել Ռուբիկի խորանարդիկ՝ պատրաստված չորացրած մսի կտորներից, որն օգտագործվում է արագ պատրաստման լապշայում:
Գլուխկոտրուկը ներկայացրել է Nissin Food Products ընկերությունը, որին պատկանում է Ճապոնիայում տարածված Cup Noodles բաժակով լապշայի առևտրանիշը: Յուրօրինակ խորանարդիկը ճշտությամբ կրկնում է դասական գլուխկոտրուկի չափերը, որը 1974 թվականին ստեղծել է հունգարացի քանդակագործ և ճարատարապետության դասախոս Էռնյո Ռուբիկը:
Ընկերությունում պնդում են, որ նման խորանարդիկը ճիշտ հավաքելը խիստ բարդ է, քանի որ բազմանիստի մասերը տարբերվում են սոսկ ռելիեֆային գծանկարով: Իսկ դասական գլուխկոտրուկում խաղորդը նիստերը հավաքում է գույներով: «Մսե» խորանարդիկի արժեքը կազմում է 3,6 հազար իեն (շուրջ 33 դոլար):
Ընկերությունում այնուամենայնիվ չեն հայտնել գլխավոր գաղտնիքը. ուտելի է արդյոք Ռուբիկի այս խորանարդիկը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Cup Noodles-ն իր ժողովրդականությամբ պարտական է չորացրած մսին, որի կտորները հյութեղություն են ձեռք բերում և ծավալով մեծանում դրանք եռացրած ջրի մեջ լցնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: