Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳՆ-ն սխալ է համարում երկրի մեկուսացման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի կարծիքը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին չարդարացված է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որն այն կարծիքն է հայտնել, թե «Լեհաստանը ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ» և հաճախ է խախտում նրա հիմնական սկզբունքները: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 25-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:

«Լեհաստանը մեկուսացման մեջ չէ»,- ասել է նա՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի կողմից հանրապետության գնահատման վերաբերյալ լրագրողի հարցին: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վարշավայում տեղի է ունեցել Լեհաստանի, Ռումինիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը: «Մենք այսօր կարևոր հանդիպում ենք անցկացնում, իսկ նախագահ Մակրոնն ուշադիր չի հետեւում մամուլին և չգիտի՝ ինչ է տեղի ունենում Եվրոպայի մեր մասում: Դա երբեմն պատահում է»,-ասել է Բաշչիկովսկին:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, թե Լեհաստանը միավորված Եվրոպայի շահերի դեմ է գործում՝ հանդես գալով հաշվառումից հանված աշխատողների կարգավիճակի բարեփոխման դեմ, որոնք հնարավորություն ունեն աշխատելու ԵՄ-ի ցանկացած երկրում:

«Լեհաստանը հանդես է գալիս եվրոպական շահերի դեմ և ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ,- նշել է Մակրոնը: -Եվրոպան ստեղծվել է մարդկանց միավորելու, ընդհանուր շուկայի զարգացման համար, որից Լեհաստանն օգտվում է: Եվրոպան ընդհանուր արժեքների և ժողովրդավարական համոզմունքների տարածք է, բայց Լեհաստանն այդ սկզբունքները խախտում է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը վստահություն է հայտնել, որ Լեհաստանի բռնած դիրքը չի ստանա ԵՄ-ի մյուս երկրների աջակցությունը, իսկ ինքը կկարողանա գործընկերներին համոզել բարեփոխման անհրաժեշտության հարցում: «Ես չեմ կարծում, որ Լեհաստանի դիրքորոշումը կարող է խանգարել բարեփոխումներին, որովհետև այդ հարցը լուծվում է որակյալ մեծամասնության կողմից: Հուսով եմ, որ կկարողանամ գործընկերներիս համոզել այդ բարեփոխման անհրաժեշտության հարցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս