Բաժիններ՝

Հարավային Կորեայի դատարանը 5 տարվա բանտարկության դատապարտեց Samsung-ի փոխղեկավարին

Սեուլի շրջանային դատարանն օգոստոսի 25-ին հինգ տարվա բանտային կալանքի է դատապարտել Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին՝ նրան մեղադրելով երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի շրջապատի ներկայացուցիչներին կաշառքներ տալու մեջ: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը: Կորպորացիայի ղեկավարության ևս երկու անդամների դատապարտել են չորսական տարվա ազատազրկման:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Լի Չժե Յոնը կաշառքներ էր տալիս, որպեսզի ստանա երկրի նախկին նախագահի աջակցությունը: Կաշառքների ընդհանուր գումարը, որոնց փոխանցումն ապացուցված է, կազմել է 6,4 մլրդ վոն (5,6 մլն դոլար): Բացի այդ, դատարանը Լի Չժե Յոնին մեղավոր է ճանաչել հանցավոր եկամուտների թաքուցման և դրամական ակտիվներն անօրինականորեն արտասահման փոխանցելու մեջ:

Հետաքննության վարկածով՝ գործարարը Չխվե Սուն Սիլին՝ նախկին նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին որոշում է ընդունել իշխանությունների կողմից տարբեր զիջումների դիմաց՝ գործերն ավելի արդյունավետ վարելու համար: Մասնավորապես, Samsung-ին օժանդակություն է տրամադրվել նրա մի շարք ստորաբաժանումների միավորումն իրականացնելու գործում, որոնց բաժնետոմսերի գլխավոր պահառուն պետական կենսաթոշակային ֆոնդն էր: Այդ գործողությունների նպատակը եղել է Լի Չժե Յոնի հսկողության ամրապնդումը Samsung ընկերությունների խմբի նկատմամբ, որը հիմնադրվել է նրա հոր կողմից:

Կոռուպցիոն սկանդալը, որին խառն է եղել Լի Չժե Յոնը, այս տարվա մարտին հանգեցրեց նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս