
«Մեսսին պարտավոր է հեռանալ «Բարսելոնայից», որպեսզի ապացուցի իր մեծությունը»

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել այն մասին, թե արդյո՞ք պետք է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին փորձի իրեն այլ ակումբում: Նա խորհուրդ է տվել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ վերադառնալ «Բարսելոնա», և արտահայտվել է այսօրվա տրանսֆերների մասին:
«Այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Մեսսին է, ուղղակի պարտավոր է փորձել իրեն այլ ակումբում, որպեսզի ապացուցի իր մեծությունը: Իսկ «Բարսելոնան» պետք է գտնի նոր Մեսսի: Ասում են, որ այդ ակումբն ունի աշխարհի լավագույն ակադեմիան. թող ապացուցեն դա: Գվարդիոլա՞ն: Նա պետք է վերադառնա «Բարսելոնա»:
Տրանսֆերային շուկան, որպես այդպիսին, արդեն գոյություն չունի: Հիմա ֆուտբոլիստներին երկրներն են գնում: Իսկ դա ֆուտբոլ չէ: 200 միլիոնանոց տրանսֆերները կդառնան սովորական բան»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
30-ամյա արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է մրցաշրջանի վերջում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը