«Ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ». Նոր Կյանք համայնքում 2000-2016թթ. մի շարք խախտումներ և չարաշահումներ են տեղի ունեցել

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ռուստամ Բադասյանն ու Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Նոր Կյանք համայնքում 2000-2016 թթ. տեղի ունեցած խախտումների և չարաշահումների և դրանց իրավական հետևանքների մասին:

Ռուստամ Բադասյանն ասաց, որ իրենք ներկայացրել են երկու հաղորդում հանցագործության մասին, որոնցից մեկը, ըստ նրա՝ կապված է համայնքապետարանում հնարավոր չարաշահումների հետ, իսկ երկրորդը կապված է համայնքային ենթակայության մարմիններից մեկում՝ մանկապարտեզում, թույլ տրված խախտումների հետ։

«Ողջամիտ կասկած է առաջանում, որ 2000-2016թթ. կազմված ավագանու արձանագրությունները կեղծված են, որովհետև դրանցում առկա ավագանու անդամներից մի քանիսի ստորագրությունները, որոնք հիմա էլ ավագանու անդամներ են, չեն համապատասխանում իրար։ Այսինքն՝ 2016թ նոյեմբեր ամսից հետո նույն անձանց ստորագրությունները և 2016թ. առաջ՝ ընդհուպ մինչև 2004թ., արձանագրություններում դրված ստորագրություններն առաջին հայացքից ակնհայտորեն չեն համապատասխանում։ Ավագանու անդամներից մեկը, որը նաև աշխատել է նախկին ավագանիում, ի պատասխան փաստաբանական հարցման՝ հաստատել է այդ փաստը, որ 2016թ. դրված մի շարք արձանագրություններում ստորագրությունը իրենը չէ»,- պարզաբանեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզին, ապա նա նշեց, որ այնտեղ կրկին բազմաթիվ հնարավոր խախտումներ են հայտնաբերել, որոնցից ամենաակնառուն, նրա խոսքով՝ այն է, որ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին մանկապարտեզը չի աշխատել (Նոր Կյանքի մանկապարտեզը հոկտեմբեր ամսին փակվում է՝ ջեռուցման խնդիր ունենալու պատճառով), սակայն կա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ աշխատավարձեր են վճարվել և եկամտային հարկ պահվել. «Սակայն այդ ամսվա համար եկամտային հարկի հաշվարկ չի ներկայացվել հարկային մարմնին, և կրկին մանկապարտեզի աշխատակիցներից մեկը փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ հաստատել է, որ այդ ամսին աշխատավարձ չի ստացել, իսկ իր անվան դիմաց դրված ստորագրությունն իր կողմից չի կատարվել։ Այս երկու փաստերի վերաբերյալ ներկայացրել ենք հաղորդումներ՝ յուրացման և պաշտոնական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքի հոդվածներով։ Երկու քաղաքացիական հայց ենք ներկայացրել»։

Փաստաբանը հավելեց, որ կազմված երկու արձանագրություններից մեկի հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օտարվել են նախկին համայնքապետի ընտանիքի անդամներին. «Մենք հայցով պահանջում ենք անվավեր ճանաչել նշված գործարքները, որով համայնքային սեփականություն հանդիսացող հողերն օտարվել են, և այսօր տեղեկացա, որ գործը մակագրվել է դատավորին, և սպասում ենք հետագա ընթացքին»։

Փաստաբանը նշեց, որ ամբողջական ծավալով ուսումնասիրություններ չեն արել և ակնկալում են, որ իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով։

Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն էլ նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբերից ստանձնելով Նոր Կյանք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեռնամուխ է եղել ՏԻՄ օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացմանը, որոնց շրջանակներում ուսումնասիրել է նախկինում համայնքում կատարված անցուդարձն ու մի շարք ուշագրավ փաստեր հայտնաբերել. «Ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ և համայնքի թե՛ գույքային, թե՛ ֆինանսական միջոցները ետ վերադարձնել համայնքին։ Ես ամենևին կխուսափեի, որ համայնքում որևէ լարվածություն լիներ։ Ես բոլորին դիտում եմ՝ որպես իմ համայնքի բնակիչներ։ Եթե դու ղեկավարում ես համայնք, և այդ համայնքում կատարվում են գործողություններ, դու պարտավոր ես վերահսկել և տեղյակ լինել, թե ինչ է կատարվում»։

Փաստաբանն էլ նշեց, որ համայնքի նախկին ղեկավարը տեղյակ է եղել այն փաստերից, որոնց մասին իրենք խոսում են, բայց դրան քրեաիրավական գնահատական չեն տալիս։

Նոր կյանքի ղեկավարը նշեց, որ համայնքի կենտրոնում գտնվող մի հողատարածք, որը եղել է համայնքի սեփականությունը, օտարվել է և աճուրդով՝ հողի կադաստրային արժեքի 30%-ով, անցել նախկին համայնքապետի կնոջը. «Մյուս մեծ հողակտորը նրա դստեր անունով է, կա աճուրդով վաճառված ծառայողական մեքենա, որը գնել է նրա տղան»։

Լրագրողի հարցին՝ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավարն այժմ ավելի բարձր պաշտոն ունի, չի՞ վախենում նրանից, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ամենևին, շատ ավելի ուրախ եմ, որ հիմա ավելի բարձր պաշտոնում է։ Սա իր համար հնարավորություն է՝ բոլոր հնարավոր միջոցներով՝ իրավունքի տեսանկյունից պաշտպանվելու և մեր կասկածները փարատելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս