Բաժիններ՝

Երևանում մերսման սրահի տերը դատապարտվել է. մերսումները զուգորդվել են սեռական կարիքների բավարարմանն ուղղված սեքսուալ գործողություններով

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Ինչ է ապացուցված համարել դատարանը

Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննությամբ պարզվել է, որ գործով ամբաստանյալը վարձակալել է նկուղային հարկում գտնվող տարածքը, այնտեղ ստեղծել սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ` սենյակներից մեկում կառուցել լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել մերսման սրահը:

Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը որպես մերսող՝ աշխատանքի է ընդունել կանանց, որոնք սահմանված գնացուցակի համաձայն՝ 10.000-ից մինչև 30.000 դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին առաջարկել են մերսումներ, որոնք զուգորդվել են հաճախորդների սեռական կարիքների բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով։ Ըստ դատական ակտի՝ հաճախորդներից ստացած վարձատրությունը կանայք հավասարապես բաժանել են ամբաստանյալի հետ:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ որոշել է բացել մերսման սրահ: Այդ նպատակով վարձակալել է Երևանում գտնվող շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող տարածքը, բացել մերսման սրահ:

Ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ սրահում առաջարկվել են չորս տեսակի մերսումներ`«ռելաքս», «սպորտային», «էրո» և «վիպ»։ «Ռելաքս» տեսակի մերսումը կատարելու ժամանակ մերսուհու հագին եղել է հագուստ, «սպորտային» տեսակի մերսման ժամանակ` կարճ շորտեր և շապիկ, «Էրո» տեսակի մերսման ժամանակ` միայն «ստրինգ» տեսակի ներքնավարտիք, իսկ «վիպ» տեսակի մերսումն իրենից ներկայացրել է մերսման վերը նշված տեսակների ամբողջականություն: Ինքն այդ սրահում օրվա ընթացքում գտնվել է ընդամենը մեկ-երկու ժամ, սակայն նախապես մերսուհիներին զգուշացրել է, որ նրանք հաճախորդների հետ սեռական հարաբերություններ չունենան և մերժեն այդպիսի առաջարկները: Ինքը երբևէ նպատակ չի ունեցել նպաստելու մերսուհիների կողմից սեռական հարաբերություններ ունենալուն: Մերսուհիների կողմից մատուցված ծառայությունների համար գոյացած գումարները հավասարապես բաժանվել են իր և այդ մերսուհիների միջև:

Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չեն, դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից, այդ ցուցմունքները հերքվել են և ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս