Վրաստանի իշխանությունները հարեւան երկրներից օգնություն են խնդրում հրդեհը մարելու համար
Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի երկրների օգնությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին:
Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել է օգոստոսի 20-ին: Մինչ այժմ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ: Իրադրությունը բարդացնում են բարդ ռելիեֆը, քամին և չոր եղանակը: Սկզբնապես հաղորդվել էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, 12 հեկտար անտառ է այրվել:
Հրդեհաշիջմանը մասնակցում է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, բայց դա բավարար չի եղել և, վրացական կողմի խնդրանքով, Ադրբեջանը ևս մեկ ուղղաթիռ է ուղարկել Վրաստան: Դրա հետ մեկտեղ, ուշ գիշերին կայացած արտակարգ շտաբի նստի ընթացքում, որը ղեկավարում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, հայտնի է դարձել, որ հրդեհի վայր կժամանեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս երկու ուղղաթիռներ: «Ներկա փուլում բանակցություններ են վարվում, տեղեկատվություն է ուղարկված հարևան բոլոր երկրներին, Եվրամիության երկրներին: Արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Կարծում եմ, որ մենք էլ ավելի կուժեղանանք, կունենանք հավելյալ տեխնիկա»,- Դավիթաշվիլիի խոսքը մեջբերում է Առաջին ալիքը:
Լրագրողների այն հարցին, թե Վրաստանի իշխանություններն արդյոք բանակցություններ վարում են Ռուսաստանի հետ, գյուղատնտեսության նախարարը պատասխանել է, որ համապատասխան դիմումներն ուղարկվել են բոլոր հարևան երկրներին: