Եվրոպայի գլխավոր խնդիրը պայքարն է ահաբեկչության դեմ. Իսպանիայի վարչապետ
Ահաբեկչության դեմ պայքարը ամբողջ Եվրոպայի գլխավոր խնդիրն է: Այդ մասին, օգոստոսի 18-ին հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը՝ ելույթ ունենալով Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Եվրոպայի խնդիրը պայքարն է ահաբեկչության դեմ, դա ամենից ավելի է մեզ անհանգստացնում»,- նշել է վարչապետը: Նրա կարծիքով՝ ներկայում գլխավոր խնդիրը ահաբեկչական գործողություններից տուժածներին ու նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելն է: Բացի այդ, նա կարևորել է ապագայում նմանօրինակ գրոհներ թույլ չտալը եւ տեղի ունեցածի մեծավորներին ձերբակալելը: «Մենք կարող ենք աշխատել միասին, գործել որպես մեկ թիմ»,- ընդգծել է Ռախոյը:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել է 14 մարդ, տուժածների թիվը հասել է 130-ի: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ավելի վաղ Մարիանո Ռախոյը անվտանգության պետական ծառայությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունից հետո Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարել Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ: «Զոհերն ու նրանց մերձավորներն այժմ ամենագլխավորն են մեզ համար: Ցանկանում եմ Իսպանիայի համերաշխությունը հայտնել Բարսելոնային: Մադրիդը, Փարիզը, Բրյուսելը, Նիսը, Լոնդոնն զգացել են նույն այս ցավը, որն այժմ ապրում են բարսելոնացիները»,- նշել է Ռախոյն իր ելույթում:
«Մենք նաև գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել, նրան կարելի է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ և մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել է նա:
Ինչպես նշում է Reuters-ը, Ռախոյը տեղի ունեցածը որակել է «ջիհադիստական ահաբեկչություն», որը գլոբալ պատասխան Է պահանջում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել է «բարբարոսական ու վախկոտ» ահաբեկչությունը իսպանական Բարսելոնայում: «ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն իրենց խորը ցավակցությունն ու կարեկցանքն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը: Նրանք նաև շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բարսելոնայում կատարված ահաբեկչությունը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը հայտարարել է ծայրահեղականության դեմ պայքարում Իսպանիայի իշխանությունների հետ համաշխարհային կազմակերպության համերաշխության մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունը, հայտարարել է, որ ահաբեկիչներին չի հաջողվի փոխել եվրոպացիների կենսակերպը: «Մենք այդ մարդասպաններին թույլ չենք տա փոխել մեր կենսակերպը,- ասել Է նա: -Ահաբեկչությունը կարող է տխուր և վշտալի պահեր բերել մեզ, բայց այն չի կարողանա մեզ հաղթել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: