
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Գորը Թրամփին խորհուրդ է տվել պաշտոնաթող լինել

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորն այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է թողնի պաշտոնը: Այդ մասին հայտնել է բրիտանական The Daily Mail հրատարակությունը:
Գորն այս հայտարարությունն արել է, երբ զրուցում էր Մեծ Բրիտանիայի LADbible նորությունների և ժամանցային հաղորդումների ընկերության ներկայացուցիչների հետ: «Պաշտոնաթող լինել»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչն ի պատասխան այն հարցի, թե ինքն ինչ խորհուրդ կարող էր տալ Թրամփին:
Ավելի վաղ Գորը քննադատել է Թրամփի որոշումը՝ հրաժարվելու Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից և ենթադրել է, թե Թրամփի նախագահությունը կավարտվի ամերիկյան օրենքներով ամրագրված ժամկետներից շուտ:
Գորը՝ 1993-ից մինչեւ 2001 թվականն ԱՄՆ-ի փոխնախագահը, հայտնի է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված իր գործունեությամբ: 2007 թվականին Գորի «Անհարմար ճշմարտություն» ֆիլմը՝ կլիմայի վրա մարդու ներգործության մասին, երկու «Օսկար» է ստացել (որպես լավագույն վավերագրական կինոժապավեն և լավագույն յուրօրինակ երգի համար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: