
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների դրոշները խոնարհված են ի նշան Բարսելոնայի ողբերգության

Խոնարհված են Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների շենքերի դրոշները ի նշան սգո Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ:
«Դրոշները խոնարհված են Բարսելոնայում իրականացված վախկոտ ու քստմնելի հարձակումից հետո: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների, Բարսելոնայի ու Իսպանիայի հետ են»,- ասված է Եվրահանձնաժողովի՝ օգոստոսի 18-ին տարածված հայտարարության մեջ:
Նախօրյակին երեկոյան Իսպանիային ցավակցության եւ ահաբեկչության դեմ պայքարում լիակատար աջակցության խոսքերով հանդես են եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: