
Առնվազն 25 երկրների քաղաքացիներ են տուժել Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով

Բարսելոնայում իրականացված ահաբեկչական գործողության տուժածների թվում հայտնվել են նաև Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Քուվեյթի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Էկվադորի ներկայացուցիչները: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է իսպանական La Vanguardia թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր Իսպանիայի, Ավստրալիայի, Ալժիրի, Արգենտինայի, Բելգիայի, Հունգարիայի, Վենեսուելայի, Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Պերուի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի տուժած քաղաքացիների ու հպատակների մասին: Հաստատվել է, որ ահաբեկչական գործողության 13 զոհերի թվում կա երեք գերմանացի և մեկ բելգիացի: Տուժածների թիվը 100-ից ավելի է, նրանցից 15-ի վիճակը ծանր է:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: