
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Իսպանիայի Ֆելիպե Զ թագավորին` օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և հոգևոր դասի անունից վշտակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին, իշխանություններին և բարեսեր ժողովրդին:
«Դատապարտելով Աստծո արարածի կյանքի դեմ այսօրինակ հանցավոր ոտնձգությունը` մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` զոհվածների հոգիների խաղաղության ու հանգստության և տուժածների շուտափույթ ապաքինման համար:
Մեր զորակցությունը հայտնելով Ձեզ և Իսպանիայի բարեկամ մեր ժողովրդին` ի սրտե մաղթում ենք Բարձրյալն Աստծո հովանին և օրհնությունը` հաղթահարելու այս չարիքը և վերականգնելու Իսպանիայի խաղաղ ու բնականոն կյանքը», – ասված է Նորին Սրբության ցավակցագրում: