Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարևորության մասին
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ հանգել են միևնույն կարծիքին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունը:
Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման ժամանակ Ռուսաստանի թեման առանձնացված է եղել:
«Նախարար Կոնոն անդրադարձ է կատարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջին հանդիպմանը: Երկու կողմերն էլ հանգել են այն կարծիքին, որ միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարևոր են Ռուսաստանի հետ կապերն ու երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարության և պաշտպանության գերատեսչությունների միջև տեղի էր ունեցել 2+2 ձևաչափով հանդիպում: Գլխավոր թեմաներն էին անվտանգության և միջազգային իրադրության հարցերը: Ճապոնիայի երկու նախարարներ էլ իրենց պաշտոնները զբաղեցրել են օգոստոսի սկզբին: