Բաժիններ՝

Առնվազն 26 ֆրանսիացի է տուժել Բարսելոնայում կատարված ահաբեկչությունից

Բարսելոնայում կատարված ահաբեկչությունից տուժածների թվում առնվազն 26-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, նրանցից 11-ը ծանր վիճակում են: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան իվ լե Դրիանը:

«Վիրավորվել են առնվազն 26 ֆրանսիացիներ, 11 մարդ՝ ծանր: Այսօր կուղևորվեմ Բարսելոնա, որպեսզի այցելեմ այդ քստմնելի գործողությունից տուժած ֆրանսիացիներին, եւ որպեսզի Իսպանիայի ժողովրդին ու իշխանություններին հավաստեմ Ֆրանսիայի աջակցությունը»,- հայտարարել է լե Դրիանը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է, որ Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ալժիրի քաղաքացիներ: Հաղորդել է նաև տուժած ռուսաստանցու մասին: Արդեն հաստատվել է, որ ահաբեկչական գործողության 13 զոհերից երեքը գերմանացիներ են, մեկը՝ բելգիացի:

Օգոստոսի 17-ին առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ Է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչություն, որը գլոբալ պատասխան է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է վերջնական չլինել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս