Բարսելոնայում ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ
Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի և Ալժիրի քաղաքացիներ:
Առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչություն, որը գլոբալ պատասխան է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է վերջնական չլինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: