
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարված Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ

Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարված Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյը անվտանգության պետական ծառայությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունից հետո: Կխոնարհվեն պետական հիմնարկությունների բոլոր դրոշները: «Զոհերն ու նրանց մերձավորներն այժմ ամենագլխավորն են մեզ համար: Ցանկանում եմ Իսպանիայի համերաշխությունը հայտնել Բարսելոնային: Մադրիդը, Փարիզը, Բրյուսելը, Նիսը, Լոնդոնն զգացել են նույն այս ցավը, որն այժմ ապրում են բարսելոնացիները»,- նշել է Ռախոյն իր ելույթում:
«Մենք նաև գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել, նրան կարելի է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ և մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել է նա:
Ինչպես նշում է Reuters-ը, Ռախոյը տեղի ունեցածը որակել է «ջիհադիստական ահաբեկչություն», որը գլոբալ պատասխան է պահանջում:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել Է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, նրանք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: