Լյովա Երանոսյանի հարազատները Վանաձորում ահուսարսափի մթնոլորտ են ստեղծել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում արդեն երեք-չորս օր է՝ ահուսարսափի մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում են, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի և օրերս տեղի ունեցած դեպքից հետո զինված են շրջում քաղաքում՝ փորձելով գտնել Էդոյի՝ Էդմոն Հարությունյանի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ և այլն:

Օգոստոսի 14-ին մի քանի լրատվամիջոց ներկայացրել էր, որ ժամը 21:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Էդմոն Հարությունյանը: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 64 շենքի հարակից տարածքում: Է. Հարությունյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Մեկ օր անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ հանցանք կատարած անձի ինքնությունը դեռևս պարզ չէ: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Սակայն, մեր տեղեկություններով, հնչել են ոչ թե միակողմանի կրակոցներ, այլ փոխհրաձգություն է եղել, ավելին՝ նախահարձակ եղել է տուժող կողմը: Էդոյի հետ «ռազբորկաների» մեջ է եղել նաև Երանոսյանի փեսայի եղբայրը, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի: Ավելին՝ վանաձորցիները վստահ են՝ եթե մեկ շաբաթ առաջ Լոլոյի Էդոյի մասնակցությամբ մեկ ուրիշ միջադեպ ծածկադմփոց չարվեր, ապա հաջորդը տեղի չէր ունենա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս