ՄԻՊ-ի և իշխանությունների միջև լուրջ բախում է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների միջև լուրջ բախում է հասունանում: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Գործարարների շահերի պաշտպանի մասին» օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում կառավարությունը մտադիր է ստեղծել բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ: Սակայն այդ նոր օմբուդսմենի ինստիտուտին դեմ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, քանի որ ստեղծվող կառույցն ունենալու է գրեթե նույն գործառույթները, ինչ գործող օմբուդսմենը, այն տարբերությամբ, որ զբաղվելու է միմիայն գործարարների շահերի պաշտպանությամբ:

Թաթոյանն արդեն հասցրել է դեմ արտահայտվել կառավարության այս մտադրությանը` որակելով այն ՀՀ Սահմանադրության խախտում. «Դեմ եմ և կառավարությանը մեծածավալ վերլուծություն եմ ներկայացրել ու ես գործադրելու եմ իրավական բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծումները լինեն Սահմանադրության օրենքի շրջանակում, իսկ այստեղ սկզբունքն այն է, որ ՄԻՊ աշխատանքը չպետք է դուբլիկացիա լինի»,- դեռ հունիսին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՄԻՊ տարեկան հաղորդումը, ասել էր նա:

Քանի որ արդեն պատրաստ է օրինագիծը, երեկ «Ժողովուրդ»-ը ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվեց` արդյոք Թաթոյանը շարունակում է դեմ լինել նոր կառույցի ստեղծմանը, եւ միթե սա չի նշանակում օմբուդսմենի դիրքերի թուլացում: «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պնդել, որ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Այս նոր կառույցի ստեղծումը առաջ է բերելու երկու մարմինների գործառությունների կրկնություն, ինչը կլինի խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից»,- օմբուդսմենի գրասենյակից փոխանցեցին Թաթոյանի պատասխանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս