Սերբիայի նախագահը աֆղանացի «Փոքրիկ Պիկասոյին» քաղաքացիություն է առաջարկել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը 10-ամյա աֆղանացի տղային Սերբիայի անձնագիր է առաջարկել նրա գեղարվեստական տաղանդի համար: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Աֆղանացի Ֆարհադ Նաուրին իր ծնողների և երկու եղբայրների հետ այցելել է Սերբիայի նախագահի նստավայր, որտեղ նախագահ Ալեքսանդր Վուչիչը նրանց Սերբիայի քաղաքացիություն է առաջարկել:
«Ես գիտեմ, թե դուք որքան երկար եք շրջագայել և ցանկանում եք գնալ Շվեյցարիա, սակայն եթե ցանկանաք մնալ այստեղ, մենք ձեզ քաղաքացիություն կտանք»,- ասել է նախագահը:
Նաուրին, ով ստացել է նաև «Փոքրիկ Պիկասո» անունը, Բելգրադում հայտնի է դարձել ինչպես ճանաչված մարդկանց դիմանկարներ պատկերելով, որոնց շարքում է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այնպես էլ նրանով, որ իր հեղինակած դիմանկարների առաջին ցուցահանդեսի հասույթը նվիրաբերել է ուռուցքային հիվանդությունից բուժվող 7-ամյա սերբ տղային: