Բաժիններ՝

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն ընդունվել է Օքսֆորդի համալսարան

Պակիստանցի իրավապաշտպան և 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայն ընդունվել է Օքսֆորդի համալսարան:

«Այնքան հուզված եմ՝ հայտնվելով Օքսֆորդում: Շնորհավորում եմ բոլոր A-level ուսանողներին (դպրոցական կրթության բրիտանական համակարգի աստիճան, որը պահանջվում է բուհ ընդունվելու համար). ամենադժվար տարին է: Ընդունեք լավագույն մաղթանքներս»,- գրել է 20-ամյա իրավապաշտպանն իր Twitter-ում:

Աղջիկն իր գրառմանը կից զետեղել է համալսարանի շնորհավորական հաղորդագրությունը, որի համաձայն նա ուսումնառության է ընդունված «Փիլիսոֆայություն, քաղաքականություն եւ տնտեսություն» ծրագրով: Յուսուֆզայը ճանաչում է ձեռք բերել 11 տարեկանում, երբ սկսել է բլոգ վարել Համացանցում՝ քննադատելով իր հայրենի Հայբեր-Փահթունհվա նահանգի Սվաթի օկրուգում շարիաթի օրենքները հաստատելու թալիբների փորձերը: 2012 թվականի հոկտեմբերի 9-ին նա զինյալների հարձակմանն է ենթարկվել պարապմունքներից տուն վերադառնալիս: Դիմակավոր զինյալները կանգնեցրել են դպրոցական ավտոբուսը, նրանցից մեկը ներս է մտել և կրակել Մալալայի վրա՝ նրան վիրավորելով գլխից ու պարանոցից: Աղջիկը հիվանդանոցից դուրս է գրվել 2013 թվականի հունվարին և վերականգնողական բուժընթացից հետո վերսկսել իրավապաշտպան գործունեությունը:

2014 թվականին Յուսուֆզայն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (այդ պահին նա ընդամենը 17 տարեկան էր) Քայլաշ Սաթյարթխի (Հնդկաստան) հետ միասին, որը հանդես էր գալիս հանուն երեխաների իրավունքների: Յուսուֆզայը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ նոբելյան դափնեկիրը: Այս տարվա ապրիլին նա դարձավ ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղաղության դեսպանորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս