Բաժիններ՝

Ադրբեջանում 1456 երիտասարդի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, 225-ի մոտ` ՄԻԱՎ

Ադրբեջանում 2017-ի հուլիսին ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական քննության ենթարկված 17793 երիտասարդներից 1456 հոգու մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, իսկ 225-ի մոտ` մարդու իմունային անբավարարության վարակ` ՄԻԱՎ: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Բժշկական քննության ենթարկված երիտասարդներից 12594 անձ տալասեմիայի (ժառանգական արյան հիվանդություն) կրողներ են:

«Ժառանգական արյան հիվանդություն կրողները գործնականում առողջ մարդիկ են համարվում: Սակայն, եթե ընտանիք կազմող զույգերից երկուսն էլ տալասեմիայի կրող են, այդ ժամանակ նրանցից ծնվող երեխաների 50 տոկոսը եւս այդ հիվանդության կրող է դառնում: Եթե նման անձինք ընտանիք են կազմում, հղիության 12-18 շաբաթներում սաղմից անալիզ է վերցվում: Եթե երեխան հիվանդ է լինում, նրա ծնունդը խորհուրդ չի տրվում»:- Լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի Արյունաբանության և արյան փոխներարկման կլինիկական իստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզաեւան:

Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ըստ ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:

Տարբեր աղբյուրների հավաստմամբ` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի պոտենցիալ կրողներ:

Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:

Տալասեմիայով, հեմոֆիլիայով 7 այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս