Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին
Իրանն ամրապնդելու է հրթիռային ներուժը, հատկապես բալիստիկ ու թևավոր հրթիռների ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, օգոստոսի 17-ին հայտարարել է հանրապետության պաշտպանության փոխնախարար բրիգադի գեներալ Ամիր Խաթամին:
Գեներալը հանդես է եկել Մեջլիսում (հանրապետության խորհրդարան) պաշտպանության նախարարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ: Խաթամիի թեկնածությունն առաջադրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Առաջիկա չորս տարում մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման հետ միասին մենք առանձնակի ուշադրություն կհատկացնենք բալիստիկ հրթիռների հզորության աճին, ռազմավարական ավիացիայի և ռազմածովային նավատորմի հնարավորություններին, արագ արձագանքման ուժերի ավելացմանը:
Իրանը զսպման կարողություն է ձեռք բերել, թշնամիներն ընդունում են մեր պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ասել է Խաթամին: Նա նաև հայտարարել է արագ արձագանքման ուժերի 10 բրիգադ ստեղծելու մասին:
Գեներալը նշել է հանրապետությունը մեկուսացնելու թշնամիների փորձերի ձախողումը. «Շատ կառավարություններ, որոնք առաջինների թվում պատժամիջոցներ սահմանեցին Իրանի դեմ, այսօր փորձում են զարգացնել համագործակցությունը»:
Խաթամին նաև հայտարարել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար և ամբողջությամբ խարսխվում է զսպման դոկտրինի վրա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը 0,5 մլրդ դոլարով ավելացրել է բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի ֆինանսավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: